Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ հրապարակվել են Իսպանիայի դատախազության մեղադրանքները «Բարսելոնայի» դեմ։
«Հաշվի առնելով «Բարսելոնայի» դատախազի մեղադրանքների լրջությունը «Բարսելոնայի» և նրա երկու նախագահների դեմ՝ կոռուպցիայի հիմնավոր կասկածանքով, ինչպես նաև ակումբի հարաբերությունները մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեիրայի հետ, նախագահը վաղը՝ կիրակի, տնօրենների խորհրդի հրատապ նիստ է հրավիրել՝ որոշելու հետագա գործողությունները, որոնք «Ռեալը» նպատակահարմար կհամարի այս հարցում»,- ասված է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բարսելոնային», որը 2001-ից 2018 թվականներին Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավարին վճարել է ավելի քան 7 միլիոն եվրո: Ակումբը պնդում է, որ նրանք վճարել են մրցավարական հաշվետվությունների համար և չեն փորձել ազդել մրցավարների վրա։
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն կարող է «Բարսելոնային» հեռացնել Չեմպիոնների լիգայից, եթե համարի, որ մրցաշարի հեղինակությունը խարխլվելու է իսպանական թիմի ներկայության պատճառով։ Կազմակերպությունը կարող է մեկ մրցաշրջանով արգելել «Բարսելոնայի» մասնակցությունը եվրոպական մրցաշարերին, քանի դեռ վերջնական դատավճիռ չի կայացվել նրանց մրցավարական գործով։
























































