Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մադրիդի կամուրջներից մեկի վրա «ներքնակների» երկրպագուների փակցրած պաստառը՝ «Մադրիդն ատում է «Ռեալին»» մակագրությամբ։ Պաստառի կողքին եղել է նաև տիկնիկ՝ «Արքայական ակումբի» վինգեր Վինիսիուս Ժունիորի խաղային շապիկով։
«Ուշադրություն դարձնելով այն պատկերին, որը հայտնվեց այսօր տարբեր լրատվամիջոցներում Գավաթի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից մի քանի ժամ առաջ՝ Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարում է․
Նման գործողությունները բացարձակ զզվելի ու անթույլատրելի են։ Դա խայտառակում է հասարակությանը։ Մենք կտրականապես քննադատում ենք նման բաները, որոնք վիրավորում են մարդկանց կամ կազմակերպությունների արժանապատվությունը։
Մեր ակումբների միջև մրցակցությունը կառուցվում է հարգանքի վրա։ Ոչ մի մարդ, ինչպիսին էլ լինեն նրա ակումբային հակումները կամ մաշկի գույնը, իրավունք չունի վիրավորելու այլ երկրպագուների և ֆուտբոլիստների։ Յուրաքանչյուրը պիտի խուսափի նման բաներից։
Մենք չգիտենք, ով է դրա հեղինակը, բայց նրանց անանուն լինելը նրանց չի ազատում դրա պատասխանատվությունից։ Հույս ունենք, որ իշխանություններին կհաջողվի բացահայտել՝ ինչ է տեղի ունեցել, և որ արդարությունը կօգնի արմատախիլ անել նման վարքագիծը»,- ասվում է «Ատլետիկոյի» հայտարարության մեջ։
























































