Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նկատմամբ «սերուցքայինների» հետաքրքրության մասին լուրերը։ Լրատվամիջոցները մադրիդյան ակումբին անվանում են խաղացողի գլխավոր հավակնորդներից մեկը։
«Աշխարհի առաջնությունում Ջուդ Բելինգեմը ցույց տվեց, որ հիանալի կիսապաշտպան է: Մրցաշարում աչքի ընկան բազմաթիվ երիտասարդ խաղացողներ՝ արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը, իսպանացիներ Գավին ու Պեդրին։
Շատ տաղանդավոր երիտասարդ կիսապաշտպաններ կան, բայց ես կմնամ իմ կարծիքին. մենք ունենք շատ տաղանդավոր խաղացողներ՝ Օրելյեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան և Ֆեդերիկո Վալվերդեն»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Sport Star-ը։
Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Բելինգհեմը հինգ հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































