Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի չորրորդ տուրում «Փյունիկը» այսօր հյուրընկալվելիս մրցում է «Ժալգիրիսի» հետ:
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա խաղից ունեցած սպասելիքների և թիմի վիճակի մասին.
«Շատ կարևոր և պատասխանատու հանդիպում է. լավ ենք պատրաստվել դրան: Մենք գիտենք, թե որտեղից ենք եկել և գիտենք, թե մեզ ինչ է պետք: Մենք ուզում ենք հաղթել հանուն մեր ժողովրդի, փոքր-ինչ ուրախացնել նրանց մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակում։ Երբ հաղթեցինք տնային խաղում, տեսանք մեր երկրպագուների ուրախությունը ու դա մեզ ավելի մոտիվացրեց: Մեր ժողովուրդը հիմա հաղթանակի կարիք շատ ունի և արժանի է վայելելու մեր հաղթանակները։
Ոչինչ չի խանգարելու՝ ո՛չ արհեստական խոտածածկը, ո՛չ եղանակը, ո՛չ մրցակցի ու երկրպագուների ճնշումը: Մոտիվացիան իմ թիմի մոտ բավական բարձր է, այստեղ եկել ենք միայն երեք միավոր վաստակելու համար»,- ասել է Մելիքյանը:
Հիշեցնենք՝ ԿԼ 3-րդ տուրում «Փյունիկը» Երևանում օրեր առաջ մրցել էր «Ժալգիրիսի» դեմ և 2-0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել:
«Փյունիկն» այս պահին H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր: «Ժալգիրիսը»՝ 1 միավորով, եզրափակում է աղյուսակը։























































