«Փյունիկի» վենեսուելացի պաշտպան Ալեքսանդր Գոնսալեսը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ժալգիրիսի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:
Գոնսալեսը, հիշեցնենք, Կոնֆերենցիաների լիգայի 3 խաղում 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել.
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել ակումբին: Անկասկած, շատ լավ է, որ արդեն մեր ակտիվում ունենք այս քանակի միավոր: Թիմի ամբողջ ուժերը կենտրոնացած են մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու խնդիր վրա»,- ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է Գոնսալեսը:
«Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 23:00-ին Վիլնյուսի ԼՖՖ (Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիա) մարզադաշտում:
Հիշեցնենք՝ ԿԼ 3-րդ տուրում «Փյունիկը» Երևանում օրեր առաջ մրցել էր «Ժալգիրիսի» դեմ և 2-0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել:
«Փյունիկն» այս պահին H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր: «Ժալգիրիսը»՝ 1 միավորով, եզրափակում է աղյուսակը։























































