ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ փարիզյան ակումբից` ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, հայտնում է L’Equipe-ը:
Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստների հարաբերությունները վատացել են, իսկ ֆրանսիացին հանդես է գալիս թիմակցին վաճառելու օգտին։ Դրան խոչընդոտ կարող է լինել Նեյմարի բարձր աշխատավարձը, որը կազմում է ամսական մոտ չորս միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի տրանսֆերին հավակնում է «Չելսին», որը երկար ժամանակ հետևում է 30-ամյա խաղացողին։ Ըստ Transfermarkt-ի՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո:
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































