Vbet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Նորավանքը» 2-1 հաշվով հաղթեց «Արարատին» և դուրս եկավ եզրափակիչ։
Արդեն երրորդ րոպեին Վայոց Ձորը ներկայացնող ակումբը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ ղազախ պաշտպան Տիմուր Մուստաֆինը։
35-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց «Նորավանքի» պաշտպան Արման Խաչատրյանը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Արարատին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրի Լեգբոն։
58-րդ րոպեին Վահե Գևորգյանի սաները խփեցին երկրորդ գոլը։ Այս անգամ խփած գոլով աչքի ընկավ ռուս կիսապաշտպան Միխաիլ Բաշիլովը։ Վերջինիս գոլի շնորհիվ «Նորավանքը» դուրս եկավ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա վաղը։ Եզրափակիչ հանդիպման երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Ուրարտուն» և «Վանը»։
























































