«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի հերթական տուրում տուգանայինից գոլ խփեց «Սպարտակին»: Սպերցյանը դուբլի հեղինակ դարձավ այդ խաղում ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացողը:
СПОРТ-ЭКСПРЕСС-ի դիտարկմամբ, Սպերցյանն ամենաանսովոր տուգանայինն է իրացրել: Արդեն 5-րդ րոպեին Կոֆրիեն ձեռքով խաղաց, իսկ Սպերցյանը մոտեցավ գնդակին ու ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ գոլը խփեց (1-ինը՝ տուգանայինից):
Սպերցյանը ցածրից հարվածեց՝ գնդակը «սեղմելով» խոտածածկին և խորամանկորեն խաբեց «Սպարտակի»՝ պատ կազմած խաղացողներին և դարպասապահին: Մոսկովյան թիմի 5 խաղացող ցատկել էր՝ բարձրից հարված սպասելով:
«Սպարտակը» առաջնության վերսկսումից հետո երկրորդ անգամ գոլ բաց թողեց տուգանայինից, և երրորդ անգամ՝ մրցաշրջանում. սա ՌՊԼ-ի վատագույն ցուցանիշներից է:
Սպերցյանը նախորդ մրցաշրջանում ևս տուգանայինից գոլ էր խփել մոսկովյան թիմին. իհարկե, գրավել էր «Սպարտակ-2»-ի դարպասը, երբ հանդես էր գալիս «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում: Նրա գոլերը երկու անգամ հաղթանակ են պարգևել իր թիմին, ընդ որում երկրորդ շրջանի խաղում «Կրասնոդար-2»-ը 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Սպարտակ-2»-ի նկատմամբ, իսկ Սպերցյանը հեթ-տրիկ է ձևակերպել:
«Էդուարդի՝ տուգանայինից հեղինակած այսօրվա գոլը կարող էր նրա համար երկրորդը դառնալ մրցաշրջանում, բայց «Զենիթի» դեմ խաղում VAR-ը միջամտեց ու չեղարկեց «Կրասնոդարի» գոլը: «Սպարտակի» դեմ խաղում նրա գոլին մրցավարական միջամտություն չեղավ, իսկ Սպերցյանը հիմա «Սպարտակին» մղձավանջներ է պատճառում ոչ միայն ՖԱԼ-ում, այլև՝ Պրեմիեր-լիգայում»,- գրում է պարբերականը:
«Բրավո, Էդո: Ոչ ստանդարտ տուգանային ու 100% սառնասրտություն՝ 11-մետրանոցի ժամանակ:
Այսօրվա տուգանայինների հանճարը՝ Էդուարդ Սպերցյանը, ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող»,- գրել է «Կրասնոդարի» մամուլի քարտուղարությունը: