Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին պաշտպան Բրայան Իդովուն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին ավագ Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխության շուրջ բարձրացած աղմուկին ու քննադատություններին։
Շատ ֆուտբոլասերներ և փորձագետներ թերահավատորեն ընդունեցին 26-ամյա կիսապաշտպանի որոշումը՝ կարծելով, որ նա պետք է ընտրեր եվրոպական ուղին: Սակայն Իդովուն վստահ է, որ Սաուդյան Արաբիայի տարբերակը ոչ միայն ֆինանսապես շահավետ էր, այլև կարող է հիանալի տրամպլին դառնալ դեպի Եվրոպա։
«Ի՞նչ կարելի է պատասխանել նրանց, ովքեր քննադատում են Սպերցյանի տեղափոխությունը: Կողքից հեշտ է դատել, երբ ձեռքիդ տակ նման առաջարկ չկա։ Ես վերջերս տեսա մի հարցազրույց, որտեղ Կրիշտիանուն ասում էր, որ ցանկանում է կարիերան ավարտել թոփ ակումբում, այլ ոչ թե ԱՄՆ-ում, Կատարում կամ Սաուդյան Արաբիայում։ Եվ որտե՞ղ է նա հիմա: Դու նման առաջարկի մասին սկսում ես լրջորեն մտածել միայն այն ժամանակ, երբ այն իրականում ստանում ես»,- նշել է Իդովուն Metaratings.ru-ի հետ զրույցում։
Նախկին ֆուտբոլիստն ընդգծել է նաև «Ալ-Ահլիի» աստղային կազմի դերը հայ ֆուտբոլիստի հետագա աճի հարցում.
«Ամենայն հավանականությամբ, Էդուարդը Եվրոպայից ավելի լավ տարբերակ չուներ: Այս տրանսֆերը ձեռնտու էր նաև «Կրասնոդարին»: «Ալ-Ահլիում» Սպերցյանը հիանալի խաղընկերներ ունի, օրինակ՝ նույն Այվան Թոունին: Նա կարող է նրանցից շատ բան սովորել: Իրականում, Սաուդյան Արաբիայից Եվրոպա տեղափոխվելն ավելի հեշտ կլինի, քան «Կրասնոդարից»: Եթե Սպերցյանն իրեն լավ դրսևորի, նրան անպայման կտանեն եվրոպական լավ ակումբ»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց իր սանի հեռանալու մասին։ Էդուարդ Սպերցյանը ռուսական ակումբի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Իր հարազատ թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։























































