Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած գարնանային հատվածում «Ուրարտուն» հերթական հանդիպումը կանցկացնի փետրվարի 24-ին։
19-րդ տուրի շրջանակում թիմը կմրցի «Նորավանքի» հետ։ Հանդիպումը «Ուրարտու-3» մարզադաշտում կմեկնարկի 16։00-ին։
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ
Այս թիմերը միմյանց հետ հանդիպել են 2 անգամ՝ առաջնության 1-ին և 10-րդ տուրերում։ Երկու խաղում էլ հաղթանակի հասել է «Ուրարտուն»՝ նախ սեփական հարկի տակ 3-0 հաշիվ գրանցելով, այնուհետև հյուրընկալվելիս հաղթելով նվազագույն հաշվով։ Կայացած երկու մրցավեճերում էլ աչքի ընկնել հաջողվել է մեր թիմի հարձակվող Նարեկ Գրիգորյանին։

18-րդ տուրից հետո մեկ հանդիպում պակաս անցկացրած «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 19 միավորով, իսկ «Նորավանքը» 8-րդը՝ 10 միավորով։
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթանակ գրանցեց՝ սեփական հարկի տակ մրցելով «Վանի» հետ։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը։
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ՝ «ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ»
Հատկանշական է, որ «Ուրարտուի» կազմում վերջին տարիներին հանդես եկած ֆուտբոլիստներից շատերն այսօր «Նորավանքում» են։ Նրանց շարքում են Հենրի Ավագյանը, Նորայր Նիկողոսյանը, Գագիկ Մաղաքյանը, Արթուր Ավագյանը, Արման Խաչատրյանը, Արամ Քոչարյանը, Կարեն Նալբանդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Էբերտ Կարդոսոն և Եվգենի Կոբզարը։

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրն «Ուրարտուն» բաց կթողնի։ Թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 5-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվելով «Արարատին»։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐԸ՝ «ՆՈՐԱՎԱՆՔԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ
Հաստատվել է նաև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմի ու պատվիրակների անունները։ «Ուրարտու» — «Նորավանք» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Նորայր Զորյանը։























































