Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և ս․թ․ փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով:
ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից, յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի 1-ին մոդուլը կանցկացվի ս.թ. մարտի 28-ից 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:
Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 24 մասնակիցներին: Հավասար միավորների դեպքում` հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):
Ե՛վ տեսական, և՛ գործնական քննությունները տեղի կունենան ս.թ. մարտի 18-ին: Քննության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները պետք է վճարումը ամբողջությամբ կատարեն մինչև ս.թ. մարտի 25-ը ներառյալ:
Դասընթացի ուսման վարձն է՝ 50.000 ՀՀ դրամ:























































