Ռոնալդուի գրառումն ամենաշատ հավանումներն է հավաքել Instagram-ում 2021 թվականին։ Թոփ 10-ում են նաև Մեսսիի, Արիանա Գրանդեի և Թոմ Հոլանդի գրառումները։
Կրիշտիանու Ռոնալդուի լուսանկարը, որով ֆուտբոլիստը հայտնել էր իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հղիության մասին, դարձել է ամենաշատ հավանում ստացած հրապարակումը Instagram-ում 2021 թվականին։ Հոկտեմբերի 28-ին հրապարակված գրառումը հավաքել է ավելի քան 32 միլիոն հավանում։
Ջորջինայի հետ Կրիշտիանուի գրառումը դարձել է ամենաշատ հավանում ստացածը բոլոր մարզիկների շրջանում այս սոցցանցի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռոնալդուի գլխավոր մրցակցին՝ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ում լուսանկարներից մեկը հավաքել է 22 միլիոն հավանում։
Հարկ է հիշեցնել, որ պորտուգալացին Instagram-ի ամենահայտնի մարդն է։ Նա ունի 383 միլիոն բաժանորդ։ Ռոնալդուից առաջ է միայն սոցցանցի պաշտոնական աքաունթը։
























































