Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Ալաշկերտը» Հանրապետական մարզադաշտտում ոչ-ոքի` 1-1 խաղաց Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ:
Հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը մեկնաբանել է իր թիմի արդյունքը․
«Կարողացանք այսօր առաջին միավորը վաստակել Եվրագավաթների խմբային փուլում։ Սա պատմական միավոր է Հայաստանի համար։ Շնորհակալ եմ խաղացողներին, նրանք պայքարեցին մինչև վերջ։
Ինչ վերաբերվում է երկրպագուներին, դժվարանում եմ ասել, ինչն է պատճառը, որ չեն գալիս մարզադաշտ։ Միգուցե, պատճառը ցուրտ եղանակն է։ Ցանկալի կլինի, որ երկրպագուները գան, աջակցեն նման կարևոր խաղերում։ Այդ աջակցության կարիքը, իհարկե, զգում ենք։ Բայց, չնայած դրան, այսօր կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել և վաստակել այդ կարևոր միավորը։
Կապված խմբային մրցաշարի հետ, եթե հետհայացք գցենք բոլոր հանդիպումներին, խաղով, առնվազն, հնարավորություն ունեինք ավելի շատ միավորներ վաստակելու այս փուլում։
Վերջին 4 խաղերում հաղթել ենք առաջնությունում։ Խաղից խաղ բարելավում ենք մեր ֆուտբոլը և միավորների տեսանկյունից իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ Ընդհանուր առմամբ, դրական եմ համարում իմ աշխատանքն այս ժամանակահատվածում»,- ասել է Միլանովիչը։
























































