ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է հենց Լևոն Սահակյանը: Միջնորդությունը քննիչին ներկայացվել է տոներից առաջ: Պաշտպանը մեկնաբանել է` ինչու է այդ հարցաքննությունը կարևոր:
«Ձերբակալումից մի քանի օր առաջ Լոռեցյանը դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Մասնավորապես խնդրել էր նախարարին, որպեսզի վերջինս միջնորդի վարչապետին իրեն աշխատանքից ազատելու համար: Մեր այդ դիմումը, կարծում ենք, գործի համար էական նշանակություն ունի. մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է այն, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ:
Հիմա մենք չգիտենք՝ համապատասխան խուզարկությունների արդյունքում այդ դիմումը քննիչը առգրավել է, թե ոչ, ուստի մենք միջնորդել ենք, որպեսզի հարցաքննվի նախարարը, որպեսզի այս ամենի վերաբերյալ տա համապատասխան ցուցմունք»,- ասել է Սահակյանը՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչու է Լոռեցյանը ցանկացել հեռանալ աշխատանքից:
Լոռեցյանը ձերբակալվել եւ ապա կալանավորվել է դեկտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 7-ին նրան, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։