Լեռնային Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Ավագյան Արենա» մարզադաշտում, որը հրետակոծվել էր Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, մեկ շաբաթ է ինչ մեկնարկել են վերականգնողական աշխատանքները։
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը:
«Մարզադաշտը կառուցվում է անձնական միջոցներով, իսկ ներդրողը ինձ հետ զրույցում չցանկացավ, որ իր անունը հրապարակվի»,- գրել է Մարտիրոսյանը:
Մարտունիի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի փոխանցմամբ այժմ ընթացքի մեջ է դաշտի արկակոծված հատվածի լցոնման աշխատանքները։ Վերականգնողական գործընթացների ավարտը նախանշված է մարտի 25-ին, իսկ մարտի 27-ին նախատեսված է մարզադաշտի վերաբացումը։ Նույն օրը կանցկացվի նաև ընկերական հանդիպում։
Լուսանկարները՝ Դավիթ Մարտիրոսյանի: