Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կանցկացնի եզրափակիչ գոտեմարտը:
Մելիքյանը, որը 3 հաղթանակ էր տարել դուրս գալով եզրափակիչ, այսօր երեկոյան կայանալիք վճռորոշ գոտեմարտում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի հետ:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալային հույսերը պահպանում է նաև 82 կգ քաշային Արման Վարդանյանը: Վերջինս, 1/8 եզրափակչում 11:1 հաշվով հաղթելով չինացի ըմբիշին, 1/4-ում պարտվել էր խորվաթ մրցակցին 8:12 հաշվով: Վերջինս հասել է մինչև եզրափակիչ ու Վարդանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել:
Սփոփիչ գոտեմարտում նա կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի հետ:
Հայաստանի առաջին մեդալը ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Մյուս 6 քաշային կարգերում մերոնք անմասն են մնացել մեդալներից: