ԱՄՆ-ի նախագահին առընթեր գործող Թմրադեղերի դեմ պայքարի գործակալությունն, առաջարկել է երկրի Կոնգրեսին դադարեցնել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ֆինանսավորումը:
Նրանց պնդմամբ, ԱՄՆ-ի քաղաքացիների գումարները (2,7 միլիոն դոլար), որոնք վճարվում են WADA-ին, չեն ծառայում իրենց նպատակին:
Հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բավարար կերպով չի զբաղվել ռուսական սպորտում առկա դոպինգային սկանդալներով:
WADA-ն արձագանքել է այս սպառնալիքին ՝ նշելով , որ գործակալությունը չպետք է ֆինանսավորվի մի քանի հարուստ երկրների կողմից:
«Մենք չենք կարող ֆինանսավորվել մի քանի հարուստ երկրների կողմից ՝ կախվածություն ունենալով նրանց որոշումներից:
Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկներն էլ ենթարկվեն նույն կանոններին, ինչ մյուսները:
Երկրները չեն կարող մեզ մոտ ներկայացված լինել ըստ իրնց ներդրումների չափի: Դա խախտում է գործակալության կանոնադրությունը»,- ասված է WADA-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայց էր ներկայացրել Լոզանի արբիտրաժային դատարան (CAS)`ՌՈւՍԱԴԱ-ի գործը բաց ռեժիմով անցկացնելու մասին:
2019 թվականի դեկտեմբերի սկզբին WADA-ն Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը զրկեց համապատասխան կարգավիճակից, ինչի պատճառով առաջիկա 4 տարիների ընթացքում Ռուսաստանը զրկվեց միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Ավելին, այս ընթացքում երկիրը չի կարողանա իր տարածքում մրցաշարեր հյուրընկալել: