Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեգանեսին»: Հյուրերը խաղի սկզբում հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Լանգլեն գնդակը հանեց դատարկ դարպասից: 42-րդ րոպեին Ֆիրպոյի փոխանցումից հետո Ֆատին բացեց խաղի հաշիվը՝ 1-0: Երկրորդ կեսում Գրիզմանը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգը չեղարկեց գոլը: Այնուամենայնիվ, րոպեներ անց 11 մետրից Մեսսին խփեց «Բարսայի» երկրորդ գոլն ու ապահովեց իր թիմի հաղթանակը` 2-0:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 64 միավորով միանձնյա առաջատարն է և 5 միավորով գերազանցում է «Ռեալին», սակայն «արքայական» թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Լեգանեսը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: