«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մայիսի 8-ին ավարտեց իր երեքշաբաթյա զորավարժությունը Հարավային Կորեայում, հայտնում է AP-ն:
27-ամյա ֆուտբոլիստը ապրիլի 20-ին ներկայացել է Չեջոու կղզու ռազմածովային ռազմաբազա՝ հիմնական ռազմական վերապատրաստում ստանալու համար: Պատահական չէր, որ Սոնը ընտրել էր այս ժամանակահատվածը. ըստ օրենքի, նա ստիպված էր դա անել մինչ 28 տարեկանը, իսկ Պրեմիեր լիգայում մրցաշրջանը ընդհատված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Սոնի ավարտական արարողությունը, որը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով, փակ էր հանրության համար: Հարավային Կորեայի ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Սոնը պարգևատրվել է որպես 157 հոգանոց խմբում ընդգրկված լավագույն հինգ ուսանողներից մեկը: Նշվում է, որ հարձակվողը հրաշալի արդյունքների է հասել՝ ստանալով գերազանց գնահատական:
Հիմնական ուսուցումից հետո Սոնը դեռ պարտավոր է իրականացնել հասարակական աշխատանքներ, որոնք նա պետք է ավարտի մինչև 2023 թվականը՝ բոլոր ռազմական պարտականությունները կատարելու համար:
Հիշեցնենք, որ Սոնը ազատվել էր պարտադիր զինծառայությունից, քանի որ 2018-ին նա օգնեց Հարավային Կորեայի հավաքականին հաղթել Ասիական խաղերում: Առանց դրա, օրենքով, նա ստիպված կլիներ ծառայել բանակում 21 ամիս:
Նախատեսվում է, որ Սոնը Լոնդոն կվերադառնա մայիսի վերջին: Պրեմիեր լիգան փորձում է հունիսին մրցաշրջանը վերսկսելու միջոցներ նախաձեռնել, բայց ակումբները նույնիսկ չեն վերսկսել խմբակային մարզումները: