Անգլիայի Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Լեսթերին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպեին հեղինակել է տանտերերի իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան:
Լոնդոնցիներն այս խաղում նաև 11-մետրանոցի իրավունք են ստացել: «Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն հանդիպման 20-րդ րոպեին վաստակել է 11-մետրանոցը, որն իրացնելու համար գնդակին մոտեցել է Պալմերը: Նրա հարվածից հետո «Լեսթերի» դարպասապահ Մադս Հերմանսենը հասել է գնդակին ու փակել վերջինիս ճանապարհը։ Պալմերը կարիերայի ընթացքում առաջին անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը:
Լոնդոնյան ակումբը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։ Էնցո Մարեսկայի թիմը 28 խաղից հետո ունի 49 միավոր։ «Լեսթերը» 28 խաղից հետո 17 միավորով գտնվում է 19-րդ տեղում՝ վտանգավոր գոտում։ «Լիվերպուլը» 29 խաղից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 70 միավորով։
Տուրի մյուս խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմութին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Հատկանշական է, որ հանդիպման 65-րդ րոպեի դրությամբ «Տոտենհեմը» 0:2 հաշվով պարտվելիս է եղել. հյուրերի կազմում աչքի են ընկել Մարկուս Տավերնյերն ու Էվանիլսոնը՝ 42-րդ և 65-րդ րոպեներին համապատասխանաբար: 67-րդ րոպեին «Տոտենհեմի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Պապե Մատար Սարը:
84-րդ րոպեին էլ հաշիվը հավասարեցրել է Սոն Հին Մինը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
«Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ Թիմը 28 խաղից հետո վաստակել է 34 միավոր։ «Բորնմութը» 28 խաղից հետո ունի 44 միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը: