Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջարկ է արել Միլանի «Ինտերին»՝ հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Գործարքի նոր տարբերակն իր մեջ 80 մլն եվրո է ներառում և 3 պաշտպանի՝ Նելսոն Սեմեդուին, Խունիոր Ֆիրպոյին և Ժան-Կլեր Տոդիբոյին: Իտալական թիմի ղեկավարները չեն համաձայնել այս պայմաններին. ակումբը կապտանռնագույններից 111 մլն եվրո է պահանջում որպես հրաժարագին: Հենց այդքան գումար է նշված 22-ամյա արգենտինացու պայմանագրում:
Հիմա ամեն ինչ տանում է նրան, որ Մարտինեսը ևս մեկ մրցաշրջան կմնա «Ինտերում»: Իտալական թիմի ղեկավարության կարծիքով, ևս մեկ մրցաշրջան անցկացնելով Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ՝ Մարտինեսն իրեն լավագույնս կդրսևորի և կբարձրացնի իր տրանսֆերային արժեքը:
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարոն 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում: