Մադրիդի «Ռեալի» երկրպագուն և նրա 18-ամյա որդին ստիպված են եղել լքել «Կամպ Նոու» մարզադաշտը «Էլ Կլասիկոյի» ընթացքում՝ Կիլիան Մբապեի գոլը տոնելուց հետո։ Միջադեպի մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Տղամարդու խոսքով՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանն այցելությունը որդու չափահաս դառնալու կապակցությամբ նախատեսված նվերն էր։ Հայր ու որդի երկու տոմսի համար վճարել էին ընդհանուր առմամբ 2800 եվրո, սակայն նրանց ֆուտբոլային երեկոն անսպասելի ավարտ է ունեցել։
Խնդիրները սկսվել են դեռևս մարզադաշտ մուտք գործելիս։ Անվտանգության աշխատակիցները պահանջել են, որ երկրպագուները հանեն «Ռեալի» մարզաշապիկները։ Երբ տղամարդը հարցրել է, թե որտեղ կարող են պահել ակումբային հագուստը, աշխատակիցներից մեկը, նրա պնդմամբ, կոպիտ կերպով մատնացույց է արել մոտակայքում գտնվող աղբամանները։
Երկրպագուն նաև նշել է, որ «Բարսելոնայի» պաշտոնական հավելվածում, որտեղից տեղեկացել էր հանդիպման պայմանների մասին, չէր տեսել մրցակից թիմի մարզաշապիկով մարզադաշտ այցելելու արգելքի մասին որևէ դրույթ։
Սակայն ամեն ինչ դրանով չի ավարտվել։ Մբապեի գոլից հետո հայրն ու որդին ոտքի են կանգնել և գրկախառնվել՝ տոնելով իրենց սիրելի թիմի հաջողությունը։ Տղամարդու պնդմամբ՝ նրանք չեն արել սադրիչ ժեստեր և չեն փորձել վիրավորել «Բարսելոնայի» երկրպագուներին։
Չնայած դրան՝ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները նրանց գործողությունները համարել են կարգուկանոնի խախտում և հեռացրել տրիբունայից։
Արդյունքում՝ «Ռեալի» երկրպագուներն այլևս չեն կարողացել հետևել հանդիպման ընթացքին մարզադաշտից։ Հոր և որդու խոսքով՝ «Էլ Կլասիկոյի» մնացած հատվածը նրանք դիտել են տաքսու մեջ՝ հեռախոսի էկրանով։
























































