Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Լա լիգայի 5-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից (4:1) հետո կիսվել է տպավորություններով:
Պորտուգալացի մասնագետը, անդրադառնալով թիմի ելույթներին, նշել է, որ արված աշխատանքում շատ դրական կողմեր կան, և թիմը մշտապես ձգտում է կատարելագործվել:
«Իրականում դա 45 րոպեանոց հանդիպում էր, դրանով ամեն ինչ ավարտվեց։ Գիտեի, որ թիմը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ չէ երկրորդ խաղակեսն անցկացնել այնպես, ինչպես առաջինը: Դրա վառ ապացույցը Ջուդ Բելինգհեմն էր, ով վերջին տասը րոպեներին ուղղակի էներգիա չուներ. խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական էներգիայի մասին է։ Մեր կենտրոնացվածությունն ընկավ, գնդակով աշխատելիս սկսեցինք սխալվել ու կորցնել այն: Դժվարանում էինք նաև պրեսինգի դիմել, ինչի արդյունքում «Ռայոն» ավելի շատ հարվածեց դարպասին: Սակայն Չեմպիոնների լիգայի խաղից հետո ես հենց նման սցենար էի սպասում։ Նպատակն արագ սկսելն ու հանդիպման ելքը վճռելն էր, և մենք դրան հասանք։
Արդան շատ է խաղում, բայց վստահ եմ՝ եթե այսօր Դիոմանդեն մեկնարկային կազմում չլիներ, բոլորի առաջին հարցն այն կլիներ, թե ինչու նա չի խաղում։ Մեր պահեստայինների նստարանը լի է բարձրակարգ խաղացողներով, և միշտ հարցեր են լինելու: Արդան գերազանց ֆուտբոլիստ է ու դրական է ազդում մեր խաղի վրա։
Ինչ վերաբերում է Դիոմանդեին խաղադաշտ դուրս բերելու ճնշմանը, ապա ես չափազանց տարեց եմ նման ճնշում զգալու համար: Նա աստիճանաբար կզարգանա։ Տակտիկական տեսանկյունից նա շատ բան ունի սովորելու, բայց «մեկը մեկի դեմ» պայքարում ու հարվածների հարցում նրա ներուժն անհավանական է: Այս պահին ցանկանում եմ զարգացնել նրան, քանի որ արդեն գիտեմ, թե ինչ կարող են ինձ տալ մյուսները։
Վինիսիուսը ֆիզիկապես երբևէ եղած լավագույն մարզավիճակում է: Ես նրանից շատ բան եմ պահանջում նաև պաշտպանությունում, և նա աստիճանաբար ընտելանում է դրան: Հիմա գոլային փոխանցումներ կատարելու և պաշտպանական գործողություններին ուշադրություն դարձնելու ժամանակն է, իսկ գոլերն անպայման կգան։
Իսկ ինչ վերաբերում է վերջին փոփոխությանը, ապա ամեն ինչ շատ պարզ է. երբ հաղթում ես 3:1 հաշվով, իսկ խաղավերջին մնացել է 5 րոպե, ավելի ճիշտ է փակել դարպասի մատույցները, հատկապես երբ մրցակցի աջ պաշտպանն անընդհատ սրում է իրավիճակը: Իմ կարծիքով՝ գեղեցիկ ֆուտբոլի ու նոր գոլերի ժամանակն ավարտվել էր, բայց արդյունքում մենք նաև չորրորդը խփեցինք, ինչն ավելի լավ է»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 15-ին՝ Լա Լիգայի շրջանակներում հյուրընկալվելով «Էլչեին»։


























































