Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Լեբյոֆը հայտարարել է, որ «եռագույնների» հարձակվող Կիլիան Մբապեն չի արժանանա «Ոսկե գնդակին», քանի դեռ չի սկսել խաղալ հանուն թիմի։
«Ես «Ոսկե գնդակի» մեծ երկրպագու չեմ։ Ինձ դուր չեն գալիս անհատական մրցանակները թիմային մարզաձևերում։ Բայց Կիլիան Մբապեն բացառիկ ֆուտբոլիստ է՝ հսկայական տաղանդով և անհավանական ինքնավստահությամբ։ Եթե նա չսկսի աշխատել թիմի համար, երբեք չի նվաճի «Ոսկե գնդակը», քանի որ նրա թիմը երբեք ոչինչ չի հաղթի։ Հենց սրանում է կայանում խնդիրը Չեմպիոնների լիգայի և աշխարհի առաջնությունների մակարդակում։
«Լիվերպուլը» և ՊՍԺ-ն հաղթում են Չեմպիոնների լիգան թիմային խաղի շնորհիվ, երբ յուրաքանչյուրը նվիրվում է մյուսի համար։ Հնարավոր է՝ նա փոխել է իր վերաբերմունքը, գուցե «Ռեալում» դա աշխատի։ Եթե նա ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», պետք է օգնի իր թիմակիցներին»,- Լեբյոֆի խոսքերն է մեջբերում Freebets-ը։
Հիշեցնենք, որ ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 44 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։























































