Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է չմեկնել ԱՄՆ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչին: Նա վախենում է, որ իր ներկայությունը կարող է անհաջողություն բերել Արգենտինայի ազգային հավաքականին: Այս մասին հայտնում է El Universal-ը։
Միլեյը մտադիր է հանդիպմանը հետևել Օլիվոս քաղաքում գտնվող իր նստավայրից, քանի որ մրցաշարի ողջ ընթացքում վարվել է հենց այդպես, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը յոթ անընդմեջ հաղթանակ է տարել։
«Ես կշարունակեմ խաղերը դիտել Օլիվոսից՝ ինչպես անում էի առաջին իսկ օրվանից։ Այո, դա սնահավատություն է։ Բացի այդ, ես հիմա անընդհատ բաճկոն եմ կրում. Շվեյցարիայի հետ խաղի ժամանակ հանեցի այն, և նրանք մեզ գոլ խփեցին։ Նորից հագա և այդ օրվանից էլ չեմ հանում», — հայտարարել է նախագահը։
Ինչպես պարզաբանում է աղբյուրը, Արգենտինայում տարածված է այն կարծիքը, որ երկրի առաջին դեմքի ներկայությունը մարզադաշտում անհաջողություն է բերում ազգային ընտրանուն։ Այս սնահավատությունը գալիս է դեռ 1990 թվականի աշխարհի առաջնությունից, որն անցկացվում էր Իտալիայում. այն ժամանակ նախագահ Կառլոս Մենեմը հանդիպել էր հավաքականի հետ մրցաշարի մեկնարկից քիչ առաջ, ինչից հետո արգենտինացիները բացման խաղում սենսացիոն պարտություն էին կրել Կամերունից (0:1)։
ԱԱ-2026-ի վճռորոշ խաղում կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ Նյու Ջերսիի մարզադաշտում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































