Վերջին օրերին ակտիվացել են խոսակցությունները Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ լոնդոնյան «Չելսի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Նշվում էր, որ անգլիական ակումբում ֆրանսիացին կարող էր վերամիավորվել Խաբի Ալոնսոյի հետ, որն ընթացիկ մրցաշրջանը սկսել էր Մադրիդում, իսկ ամռանից կմարզի «կապույտներին»։
Այս տեղեկատվությանն արձագանքել է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ հստակ ընդգծելով, որ Կիլիան Մբապեն ենթակա չէ վաճառքի։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մբապեն աշխարհի երեք ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։
Նշվում է, որ վերջին շրջանում ֆրանսիացու հարաբերությունները թիմակիցների և հատկապես երկրպագուների հետ վատթարացել են, սակայն նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է ևս երեք մրցաշրջանի համար։


























































