Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հաստատել է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը մադրիդցիների հետ լրանում է 2027 թվականի ամռանը:
«Պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա, բայց ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Նախագահն ինձ վստահում է։ Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ, քանի որ սա իմ երազանքների ակումբն է»,- հարձակվողի խոսքն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ Այս ընթացքում նա դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































