Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մոտ է վնասվածքից ամբողջական ապաքինմանն ու շարք վերադառնալուն։ Անգլիացի ֆուտբոլիստը փետրվարի սկզբից բացակայում է ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է լրագրող Գիլյերմո Ռաին, կիսապաշտպանի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը խիստ անհավանական է։ Փոխարենը, նրա վերադարձը Լա լիգայի շրջանակում կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ դերբիին միանգամայն իրատեսական սցենար է համարվում։
Հիշեցնենք, որ «քաղաքայինների» դեմ արտագնա հանդիպումը կկայանա մարտի 17-ին, իսկ «Ատլետիկոյի» դեմ տնային դիմակայությունը նախատեսված է մարտի 22-ին։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 հանդիպումներում Ջուդ Բելինգեմն իր ակտիվում գրանցել է վեց գոլ և չորս արդյունավետ փոխանցում։



























































