Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է վերջին հանդիպումներում թիմի անհաջողությունների պատճառների և հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին։
«Կարևոր է ոչ թե բացատրել անհաջողությունը, այլ հաղթել։ Իմաստ չունի արդարանալ, թե ինչու ես պարտվել։ Մադրիդի «Ռեալում» նշանակություն ունի միայն հաջորդ խաղում հաղթելը։ Իհարկե, ես կարող էի խոսել սովորելու և աշխատանքային գործընթացների մասին, բայց դա այնքան էլ օգտակար չէր լինի։ Քաջ գիտակցում եմ, որ թիմը կարող է ավելի լավ խաղալ, մենք հիանալի կազմ ունենք», — Արբելոայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Անդրադառնալով վերջին անհաջողություններից հետո թիմի տրամադրվածությանը՝ իսպանացի մասնագետը հավելել է.
«Հասկանում եմ, որ այսպիսի երկու պարտությունից հետո մթնոլորտը կարող է այնքան էլ դրական չլինել: Բայց հանդերձարանում մենք հիանալի գիտակցում ենք, որ Լա Լիգայի ավարտին դեռ շատ ժամանակ կա: Պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում՝ երեք միավոր վաստակելու և հաղթելու համար»:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ երկու խաղերում մադրիդցիները զիջել են «Օսասունային» (1:2) և «Խետաֆեին» (0:1)։ «Արքայական ակումբն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակում՝ մրցելով «Սելտայի» հետ։ Խաղը կկայանա այսօր՝ մարտի 6-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին (00:00-ին)։


























































