«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը բացահայտել է, թե ում է համարում իր լավագույն ընկերը ֆուտբոլիստների շրջանում։
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հալանդը մասնավորապես նշել է.
«Լավագույն ընկերս ֆուտբոլո՞ւմ… Հավանաբար՝ Սոբոսլայը «Լիվերպուլից»։
Ֆուտբոլիստների մտերմությունը սկիզբ է առել 2019 թվականին, երբ երկուսն էլ հանդես էին գալիս ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում։ Այդ ժամանակահատվածում Հալանդն ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ, ինչից հետո տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 29 գոլ և 6 գոլային փոխանցում։ Բացի այդ, աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 8 խաղում հարձակվողը աչքի է ընկել արդյունավետության ցնցող ցուցանիշով՝ խփելով 16 գոլ։


























































