Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը սենսացիոն ընթացք և ելք ունեցավ։ Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ՝ «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով։
Դիեգո Սիմեոնեի սաները հարցերը լուծեցին դեռ առաջին 45 րոպեների ընթացքում։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Էրիկ Գարսիան անզգուշաբար գրավեց սեփական դարպասը։ 14-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրկնապատկեց «Ատլետիկոյի» առավելությունը։
Մադրիդցիները կանգ չառան. 33-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ առաջին խաղակեսին ավելացված ժամանակում Խուլիան Ալվարեսը խփեց չորրորդ գնդակը՝ կանխորոշելով հանդիպման ելքը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին կարողացավ գրավել դարպասը, սակայն VAR-ի համակարգը շուրջ 7 րոպե տևած քննարկումից հետո չեղարկեց գոլը։ Կատալոնացիների ձախողումն ամբողջացրեց Էրիկ Գարսիան, ով 86-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ և հեռացվեց դաշտից։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 3-ին Բարսելոնայի «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























































