Մադրիդի «Ռեալը» թույլ չի տվել պաշտպան Ֆրան Գարսիային վարձավճարով տեղափոխվել «Բորնմութ», հայտնում է The Athletic-ը։ Իսպանացի ֆուտբոլիստն անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակը դիտարկում էր որպես խաղային պրակտիկան մեծացնելու հնարավորություն, ինչի պակասը նա զգում է Մադրիդում։
Թեև մասնավոր զրույցներում Գարսիան վստահություն է հայտնել ԱՊԼ տեղափոխվելու հավանականության վերաբերյալ, «Ռեալի» ղեկավարությունը որոշել է բաց չթողնել ֆուտբոլիստին։
Տրանսֆերի մերժումից հետո 26-ամյա պաշտպանը շաբաթ օրն անհատական մարզում անցկացնելու թույլտվություն է խնդրել, սակայն ակումբը մերժել է նրա հայցը։ Գարսիան մասնակցել է լրատվամիջոցների համար բաց մարզման միայն առաջին 15 րոպեներին, որից հետո պարապմունքները շարունակել է ինքնուրույն։
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան տեղափոխության հասնելու փորձերը, պաշտպանը զրուցել է մարզիչ Ալվարո Արբելոայի հետ։
«Ռեալի» դիրքորոշումը հստակ էր՝ հունվարին թիմից ոչ ոք չի հեռանալու, բացառությամբ հարձակվող Էնդրիկի։
Գարսիայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն նա հույս ունի ամռանը գտնել նոր թիմ, որտեղ կստանա ավելի շատ խաղաժամանակ։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում մասնակցել է յոթ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։
























































