Մադրիդցի լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետ Ունաի Էմերին կարող է ստանձնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ըստ աղբյուրի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Ալվարո Արբելոայի հնարավոր պաշտոնանկության դեպքում «Արքայական ակումբը» որպես հիմնական թեկնածու դիտարկում է հենց Էմերիին։ Հաղորդվում է, որ ակումբի ներկայացուցիչներն օրեր առաջ արդեն կապ են հաստատել 54-ամյա մասնագետի հետ՝ քննարկելու նրա հնարավոր նշանակումը։
Ալվարո Արբելոան «Ռեալի» գլխավոր մարզիչ է դարձել հունվարի 12-ին՝ Խաբի Ալոնսոյի հրաժարականից հետո։
Ունաի Էմերին 2022 թվականից գլխավորում է «Ասթոն Վիլան»։ Նախկինում նա մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Վիլյառեալը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Սպարտակը» և այլն։
Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանում «Ռեալը» 21 տուրից հետո վաստակել է 51 միավոր և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով մադրիդցիները 15 միավորով 9-րդ տեղից դուրս են եկել անցումային փուլ (փլեյ-օֆֆ):























































