Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած ցավալի պարտությունը։ «Արքայական ակումբը» մրցակցի հարկի տակ զիջել է՝ բաց թողնելով Թոփ-8 դուրս գալու հնարավորությունը։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը խոսել է խաղի ընթացքի, մրցակցի դարպասապահի խփած գոլի և իր տեխնիկական որոշումների մասին։
Խաղի և չարդարացված սպասելիքների մասին
«Ակնհայտ է, որ այսօր մենք հեռու էինք այն մակարդակից, որը ցանկանում էինք տեսնել՝ հաշվի առնելով խաղի բարդությունը, մրցակցի պահանջկոտությունը և մարզադաշտի մթնոլորտը։ Կարծում եմ՝ չկարողացանք 90 րոպե շարունակ պահել անհրաժեշտ տեմպը։ Այսպիսի խաղերում հաղթելու համար պետք է շատ բաներ ճիշտ անել, ոչ թե ընդամենը մեկ բան, և դա պետք է անել ամբողջ խաղի ընթացքում:
Ես չեմ զղջում իմ ուղերձներից և ոչ մեկի համար, քանի որ հավատում եմ դրանց։ Եթե կարծում եք, որ այսօրվա խաղն այսպիսին ստացվեց, որովհետև առջևի երկու ֆուտբոլիստները բավարար չէին վազում, ապա ես բացարձակապես համաձայն չեմ»։
Դարպասապահի գոլի և 9 հոգով մնալու մասին
«Սա առաջին դեպքը չէ, երբ մրցակցի դարպասապահը գրավում է իմ թիմի դարպասը։ Հասկանալի է, որ նրանք պետք է ռիսկի դիմեին։ Մենք խաղում էինք երկու ֆուտբոլիստ պակաս կազմով, և մեզ նույնպես գոլ էր անհրաժեշտ՝ լավագույն ութնյակում հայտնվելու համար։ Նրանք ռիսկի դիմեցին, մենք՝ նույնպես, և ի վերջո նրանք հաղթեցին»։
Ժոզե Մոուրինյուի և անձնական պատասխանատվության մասին
«Ինձ բոլորովին չզարմացրեց «Բենֆիկայի» խաղը։ Ես դեռ երեկ էի ասել, որ պահանջները շատ բարձր են լինելու։ Ես լիովին գիտակցում էի մրցակցի մակարդակը և թե ինչ մարզիչ է կանգնած լինելու մեր դիմաց։ Ես զգուշացրել էի խաղացողներին, բայց, ակնհայտորեն, չկարողացա նրանց փոխանցել այն, ինչ ուզում էի տեսնել դաշտում։ Երբ բանը չի ստացվում, երբ թիմը հեռու է իր իրական մակարդակից (ինչպես, օրինակ, «Վիլյառեալի» դեմ խաղում), պատասխանատվությունը բացառապես և ամբողջությամբ իմն է։ Իսկ մնացածը՝ իմ և Ժոզեի միջև է»։
Չեմպիոնների լիգայից դուրս չմնալու մասին
«Ես, ինչպես «Ալբասետեի» դեմ խաղից հետո, այնպես էլ հիմա կրկնում եմ՝ պարտության մեղավորը ես եմ։ Բայց մենք դուրս չենք մնացել Չեմպիոնների լիգայից։ Առջևում երկու հանդիպում կա (փլեյ-օֆֆում), և մենք պայքարելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»։



























































