«Ինտերը» ծրագրում է գալիք ամռանը աղմկահարույց տրանսֆեր իրականացնել՝ թիրախավորելով Մադրիդի «Ռեալի» 18-ամյա հարձակողական կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին։
Ինչպես հաղորդում է իտալական Calciomercato պարբերականը, միլանյան գրանդի սեփականատերերը պատրաստ են զգալի գումարներ հատկացնել «սերուցքայինների» հեռանկարային ֆուտբոլիստի ձեռքբերման համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» նախկինում դիտարկում էին նաև Նիկոլաս Պասի և Արդա Գյուլերի թեկնածությունները։ Սակայն իրավիճակը փոխվել է. Նիկոլաս Պասը, ամենայն հավանականությամբ, կես տարուց կվերադառնա «արքայական ակումբ», իսկ Արդա Գյուլերի հեռանալը Մադրիդից այս պահին քիչ հավանական է։
Ստեղծված իրավիճակում «Ինտերը» Մաստանտուոնոյին համարում է առավել «հասանելի» և իրատեսական նպատակ։
«Ռեալը» կարող է հավանություն տալ գործարքին միայն մեկ պայմանով, եթե պայմանագրում պարտադիր ներառվի հետգնման առաջնահերթ իրավունքի կետը։ Նմանատիպ մեխանիզմ մադրիդցիները կիրառել էին նաև Նիկոլաս Պասի՝ «Կոմո» տեղափոխության ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Մաստանտուոնոն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 18-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։























































