UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու հավակնորդ Փեդի Փիմբլեթը հայտարարել է, որ մտադիր չէ խուսափել Արման Ծառուկյանի հետ մենամարտից, եթե կազմակերպությունը նման առաջարկ անի։
UFC PI-ում կայացած բաց մարզման ժամանակ լրագրողների հետ զրույցում բրիտանացին չի զսպել էմոցիաները․
«Ինձ զայրացնում է, երբ մարդիկ ասում են, թե ես խուսափում եմ Արմանից։ Ինձ երբեք չեն առաջարկել մենամարտել նրա հետ, և ես նրանից չեմ վախենում։ Եթե գոնե մեկ անգամ առաջարկեին, ես վաղուց ջարդած կլինեի նրա դեմքը։
Նա ինձ նյարդայնացնում է։ Նա խցանի պես բութ է։ Ես կմենամարտեի Արմանի հետ ցանկացած պահի։ Եթե Իլիան չկարողանա վերադառնալ մինչև հուլիս, ուրեմն նրանից պետք է խլել գոտին։ Նա արգելակում է դիվիզիոնի ընթացքը։ Այդ դեպքում ես տիտղոսը կպաշտպանեմ Արմանի, Մաքս Հոլոուեյի կամ Չարլզ Օլիվեյրայի դեմ։ Ինձ համար միևնույն է»,- ասել է Փիմբլեթը։
Հիշեցնենք, որ վերջերս Արիել Հելվանիի հետ հարցազրույցում Արման Ծառուկյանը նշել էր, որ Ջասթին Գեյջի — Փեդի Փիմբլեթ դիմակայությունում երկրպագելու է ամերիկացուն։ Ըստ հայ մարտիկի՝ բրիտանացու հաղթանակը կարող է բարդացնել իր ճանապարհը դեպի տիտղոս, քանի որ կազմակերպությունը կարող է խուսափել իրենց մենամարտը կազմակերպելուց։
Հավելենք, որ թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար մենամարտը գլխավորելու է հաջորդ շաբաթ Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարը։




























































