«Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան, որը դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի հերոսը, իր հաջողության մեջ հատուկ ընդգծել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի դերակատարումը։
Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած եզրափակիչ դիմակայությունում, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 3-2 հաշվով, 29-ամյա ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ։ Հաղթանակից հետո նա անկեղծացել է՝ նշելով, որ գերմանացի մասնագետն առանցքային դեր է խաղացել ակումբում իր մնալու հարցում։
«Եթե չլիներ Ֆլիկը, ես կհեռանայի «Բարսայից»։ Նա փոխեց ամեն ինչ։ Մարզիչն ինձ ասաց, որ ինձ համարում է կարևոր խաղացող։ Դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի՝ վստահություն», — Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Ֆլիկը «կապտանռնագույնների» ղեկը ստանձնել է 2024 թվականի ամռանը՝ փոխարինելով Չավիին։ Այդ ժամանակահատվածում մամուլում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր Ռաֆինյայի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին։



























































