Ֆորմուլա-1-ի Ferrari թիմը կարող է լքել Թագավորական մրցավազքը, եթե սահմանվեն թիմերի բյուջեների 130 միլիոն դոլարով սահմանափակումները:
2019-ին թիմերը, Ավտորսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) և Ֆորմուլա-1-ի ղեկավարության հետ միասին, պայմանավորվեցին 2021 թվականի համար սահմանափակել թիմերի բյուջեները 175 միլիոն դոլարով: Բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով թիմերը անցած շաբաթ քննարկեցին 2021 թվականի համար մինչև 145 միլիոն դոլար ծախսերի սահմանափակումը , իսկ 2022 թվականին նախատեսվում է սահմանափակել այն 130 միլիոն դոլարով: Այնուամենայնիվ, կողմերը չէին կարողացել համաձայնության գալ: Դրանից հետո Ferrari-ի ղեկավար Մատիա Բինոտտոն ասել է, որ թիմը պատրաստ կլինի հեռանալու Ֆուրմուլա-1-ից, եթե որոշվի իջեցնել բյուջեի առաստաղը:
«145 միլիոն բյուջեն արդեն իսկ նոր պահանջ է՝ համեմատած նախորդ տարվա հունիսի հետ: Դա հնարավոր չէ հասնել առանց հետագա նշանակալի զոհողությունների, հատկապես մարդկային ռեսուրսների առումով: Եթե այն ավելի ցածր լիներ, մենք չէինք ցանկանա, որ ստիպված լինեինք փնտրել մեր մրցարշավային ԴՆԹ-ն տեղակայելու այլ հետագա տարբերակներ:
Ֆորմուլա-1-ում մենք ունենք տարբեր թիմեր: Նրանք աշխատում են տարբեր երկրներում՝ տարբեր օրենքներով և իրենց ձևչափով: Հետևաբար, կառուցվածքային փոփոխություններ կատարելը պարզապես ծախսերի կրճատմամբ հեշտ չի լինի անել: Մենք քաջ գիտակցում ենք, որ Ֆորմուլա-1-ը և ամբողջ աշխարհը ներկայումս առանձնապես ծանր ժամանակներ են ապրում՝ համաճարակի պատճառով: Այնուամենայնիվ, այժմ ժամանակը չէ կայացնել չմտածված որոշումներ՝ առանց հստակ գնահատելու բոլոր հետևանքները», — Բինոտտոյի խոսքերն է մեջբերում Guardian-ը: