«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ չի մտածում «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը ստանձնելու մասին, թեև ունի խոր կապեր կատալոնական ակումբի հետ։
Մասնագետը ընդգծել է, որ մեծ հարգանք ունի «Բարսելոնայի» հանդեպ, սակայն իրեն չի պատկերացնում տնօրինական կամ վարչական դիրքում։ Գվարդիոլայի խոսքով՝ ակումբի յուրահատկությունն այն է, որ այն մշտապես գտնվում է բազմաթիվ կարծիքների, քննարկումների և ուշադրության կենտրոնում, և ներսում աշխատողները պետք է հաշվի նստեն դրանց հետ։
«Ես չեմ մերժում «Բարսելոնային»․ մենք միշտ հիշում ենք, թե որտեղից ենք սկսել։ Բայց փողկապ կրելն ու նախագահական օթյակում նստելը իմը չէ։ Ոչ, ես ինձ այնտեղ չեմ տեսնում», — Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում RAC1-ը։
Գվարդիոլան երկար տարիներ հանդես է եկել «Բարսելոնայում» որպես խաղացող, իսկ ավելի ուշ նաև մեծ հաջողությամբ գլխավորել է թիմը։


























































