Ֆորմուլա-1-ի Ferrari-ի թիմի նախկին ղեկավար Մաուրիցիո Արիվաբենեն կորոնավիրուսի համավարակի տարածման հենց սկզբից սկսել է շտապ օգնության մեքենա վարել՝ կամավոր հիմունքներով: Այս մասին, իտալացի րագրող Լեո Թուրինիին հղում կատարելով, հայտնում է Euro Weekly News-ը:
«Արիվաբենեն այդ մասին ոչ մեկին չի ասել, բայց հենց սկզբից նա աշխատում է որպես շտապ օգնության մեքենայի վարորդ»,- ասել է Թուրինին:
Արիվաբենեն Scuderia Ferrari-ն գլխավորել է 2014 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Մաթիա Բինոտոն:
Ավելի վաղ Ֆորմուլա-1-ը հետաձգել էր Բահրեյնի, Վիետնամի, Չինաստամի, Նիդերլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի և Կանադայի Գրան-Պրիները՝ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: Ավստրալիայի և Մոնակոյի մրցարշավներն առհասարակ չեղարկվել են:
Ապրիլի 22-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 184 հազար դեպք է գրանցվել: Ավելի քան 24,6 հազար մարդ մահացել է: Ամբողջ աշխարհում մոտ 2.6 մլն մարդ է վարակվել: