«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը ESPN-ին տված հարցազրույցում համեմատել է Մայքլ Օուենին, Լամին Յամալին և Կիլիան Մբապեին՝ ընդգծելով, որ Օուենը պատանեկան տարիներին գերազանցել է նրանց։
«Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալը համարվում է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը և կարող է դառնալ մրցանակի պատմության ամենաերիտասարդ դափնեկիրը։ Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Ոսկե գնդակը» նվաճել է 1997-ին՝ 21 տարեկանում։ 26-ամյա Կիլիան Մբապեն նույնպես այս տարվա մրցանակի հավակնորդների ցուցակում է։
Ջերարդն ու Օուենը «Լիվերպուլում» թիմակիցներ են եղել վեց տարի՝ մինչև Օուենի «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելը 2004 թվականին։
«Երկուսը դեռ հետապնդում են «Ոսկե գնդակը», իսկ մեկն արդեն ունի այն։ Պետք է հարգել այն փաստը, որ Մայքլ Օուենը ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Ես խաղացել եմ նրա հետ։ Նա անհավանական պատանի էր։ Ուստի պետք է ասեմ՝ Մայքլ Օուեն։ Բայց ուզում եմ հավելել, որ Մբապեն ու Լամին Յամալը՝ վաու, երկու անհավանական խաղացողներ են»,– ասել է Ջերարդը ESPN-ին՝ Topps Premier League 2025/26 քարտերի նոր հավաքածուի շնորհանդեսին։
Օուենը «Լիվերպուլում» իր նորամուտը նշել է 1996 թվականին՝ 17 տարեկանում, և Պրեմիեր լիգայի պատմության մեջ պատանի տարիքում ամենաշատ գոլերն է խփել՝ 40 գոլ 79 խաղում մինչև 20 տարեկան դառնալը։ Նա նաև ռեկորդակիր է Պրեմիեր լիգայում մեկ օրացուցային տարում պատանի ֆուտբոլիստի խփած գոլերի քանակով՝ 25 գոլ 1998 թվականին։
Օուենը «Լիվերպուլին» օգնել է 2000/01 մրցաշրջանում նվաճել Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը։ 22 տարեկանում նա դարձել է առաջին անգլիացին 1979 թվականից ի վեր (Քևին Կիգանից հետո), որին շնորհվել է «Ոսկե գնդակ»։
Ի հակադրություն՝ Լամին Յամալը 2023 թվականին, 15 տարեկանում, նշել է իր նորամուտը «Բարսելոնայում» և բոլոր մրցաշարերում խփել է 14 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։
Կիլիան Մբապեն 2018 թվականին, 19 տարեկանում, Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճել է Աշխարհի գավաթը։ Նրա գոլը Խորվաթիայի դեմ եզրափակչում (4:2) նրան դարձրել է Պելեից հետո աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
























































