2006 թվականի աշխարհի չեմպիոն Ֆրանչեսկո Տոտիի որդին՝ Քրիստիան Տոտին, 19 տարեկանում որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ Այս մասին նա հայտնել է La Nuova Sardegna-ին.
– Այո, ես ավարտում եմ կարիերաս, որոշումս վերջնական է, – ասել է նա։
Քրիստիանի նախկին մարզիչ Մարկո Ամելիան, ով աշխատել է նրա հետ «Օլբիա» ակումբում, Tuttosport-ին ասել է.
– Նրա՝ Տոտիի որդի լինելը ազդել է նրա խաղի գնահատականների վրա։ Իմ կարծիքով՝ նա կարող էր հաջող կարիերա ունենալ Սերիա C-ում և Սերիա B-ում։
Քրիստիան Տոտին մանկուց խաղացել է «Ռոմայի» համակարգում, ներկայացրել է նաև «Ֆրոզինոնեի» և իսպանական «Ռայո Վալեկանոյի» երիտասարդական թիմերը։ Նրա վերջին ակումբը եղել է «Օլբիան», որից նա հեռացել է նախորդ տարվա վերջում։
Աղբյուրի համաձայն՝ Քրիստիան Տոտին կշարունակի աշխատել որպես սկաուտ իր հոր հիմնադրած ֆուտբոլային ակադեմիայում՝ զբաղվելով երիտասարդ տաղանդների հայտնաբերմամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտին իր ողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում» (1992–2017)՝ մասնակցելով 785 խաղի և խփելով 307 գոլ։

























































