Իտալացի հայտնի մարզիչ Անդրեա Պիրլոն գլխավորել է ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Դուբայ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
46-ամյա Պիրլոյի հետ կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա արդեն ժամանել է Դուբայ և առաջիկա օրերին կմիանա թիմին՝ սկսելու նախապատրաստությունը 2025/26 մրցաշրջանին։
Ակումբի նախագահ Իլիե Չեբանուն հայտարարել է․
«Մենք հպարտ ենք ողջունել Պիրլոյին մեր ակումբում։ Նա կրում է մեր արժեքներն ու հավակնությունները, և մենք վստահ ենք, որ նրա ղեկավարությամբ ակումբը կհասնի նոր բարձունքների»։
«Դուբայ Յունայթեդը» պաշտոնական հայտարարությամբ ընդգծել է, որ 2006 թվականի աշխարհի չեմպիոն Պիրլոն համարվում է իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Նրա նշանակումը նոր էջ է բացում ակումբի պատմության մեջ և արտացոլում է ԱՄԷ-ի ֆուտբոլում ակումբի աճող հավակնությունները։
Պիրլոն խաղացողի կարիերան ավարտել է 2017 թվականին։ 2020-ին նա սկսել է մարզչական գործունեությունը՝ գլխավորելով Թուրինի «Յուվենտուսը», որի հետ առաջին մրցաշրջանում նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը։ Այնուհետև նա աշխատել է թուրքական «Ֆաթիհ Քարագյումրյուք» և իտալական «Սամպդորիա» ակումբներում, որտեղից հեռացվել է 2024 թվականի ամռանը։




























































