Այս պահին եվրոպական ֆուտբոլում անցկացվում են երեք ակումբային մրցաշարեր։ Սակայն, ակնհայտորեն, սա բավարար չէ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի համար, քանի որ նա հայտարարեց նոր Եվրոպական գավաթի ստեղծման մասին։
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր մարմնի նախագահը չի բացահայտել նոր մրցաշարի բոլոր մանրամասները, սակայն ասել է, որ այն չի ավելացնի խաղերի քանակը, այլ ավելի հետաքրքիր կդարձնի ֆուտբոլը։
«Մենք դեռ քննարկում ենք մի շարք գաղափարներ, բայց դեռ վաղ է որևէ կոնկրետ բան ասել։ Ակնհայտ է, որ խաղերի թիվը չենք ավելացնի։ Բայց մի նոր բան հաստատ կլինի, որը ֆուտբոլը կդարձնի ավելի հետաքրքիր։ Դժվար է խոսել այն խաղերի մասին, որոնք դեռ չեն կայացել։ Բայց պարզ է, որ հատկապես ամենամեծ ակումբները հետաքրքրված են դրանցով»,– ասել է Չեֆերինը՝ Kicker-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեֆերինը հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի վերաբերյալ որևէ բացասական արձագանք չի լսում ՝ ընդգծելով, որ, ինչպես հայտարարել է ՈւԵՖԱ-ն, լիգայի փուլը արտակարգ ինտրիգ է ապահովել, ինչը բարձրացրել է մրցաշարի վարկանիշը։




























































