Այս օրերին, երբ մարզաշխարհի ներկայացուցիչները նույնպես մեկուսացված են տնային պայմաններում, շատերը ուղիղ եթերների միջոցով ստեղծված իրավիճակը քննարկում են իրենց ընկերների, խաղընկերների կամ լրատվամիջոցների հետ: Բացառություն չէ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան: Իսպանացին խոսել է ակումբում՝ իր ամենամոտ ընկերոջ ու կորոնավիրուսի համավարակի մասին.
«Անկեղծ ասած, հանդերձարանում իմ լավագույն ընկերը Դավիդ Դե Խեան է : Մենք միմյանց վաղուց գիտենք, երբ հանդես էինք գալիս Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում: Ես նույնիսկ նրա պաշտպանած դարպասն եմ գրավել մի քանի անգամ, մի քանի անգամ էլ նա ինձ զրկել է գոլի հեղինակ դառնալու հնարավորությունից: Այս օրերին, առավել ևս, մենք գրեթե ամեն օր խոսում ենք իրար հետ:
Կարծում եմ, որ իրդեալական կլինի, եթե փորձեն այնպես կազմակերպել, որ Իսպանիայում, Իտալիայում և Անգլիայում մրցաշրջան ավարտին հասցվի: Կարծում եմ՝ խաղացողները դեմ չեն լինի խաղալ նույնիսկ ամռանը՝ ավելի քիչ հանգստանալով, բայց դրա հետ մեկտեղ ամեն ինչ անվտանգ կլինի: Միգուցե, կարիք լինի խաղալ առանց երկրպագուների՝ մրցաշրջանը շուտ ավարտին հասցնելու համար:
Այն, ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, սարսափելի է, բայց մենք պետք է պատասխանատու լինենք մեր քայլերի համար: Քանի դեռ չունենք ռեսուրսներ՝ իրավիճակն ամբողջովին վերահսկելու համար, պետք է պահպանենք անվտանգության կանոնները»,-ասել է Մատան: