«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթվայթը խոստովանել է, որ ուզում է դառնալ կատալոնական ակումբի լեգենդը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Բրայթվայթը «Թվիթերում» պատասխանել է իր հետևորդների հարցերին։ «Կցանկանայի՞ր դառնալ մեր «Բարսելոնայի» լեգենդը»,- հարցրել է նրանցից մեկը։ «Իհարկե, այո»,- պատասխանել է հարձակվողը։
Մեկ ուրիշ հետևորդ հարցրել է, թե ով է «Բարսելոնայի» ամենաարագավազ ֆուտբոլիստը։ «Դուք հենց նրա հետ եք խոսում»,-ասել է Բրայթվայթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիները պատրաստ են 8 ֆուտբոլիստի վաճառել, որոնց թվում են՝ դարպասապահ Նետոն, պաշտպաններ Սամուել Ումտիտին ու Էկտոր Ֆիրպոն, կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ու Բրայթվայթը, որը թիմին միացել էր ընդամենը մեկ ամիս առաջ։
«Բարսելոնան» Մարտինին «Լեգանեսից» գնել էր փետրվարի վերջին։ Կապտանռնագույններին թույլ էին տվել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո գնել հարձակվողին՝ կապված Լուիս Սուարեսի ու Ուսման Դեմբելեի վնասվածքների հետ։