ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կապիտալ ծախսերի ուղղությունները, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է սպորտային և երիտասարդական ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարության կայքը։
Այդ նպատակով 2025 թվականին կհատկացվի շուրջ 10,5 մլրդ դրամ: Մասնավորապես՝ Գյումրիում կշարունակվեն Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցումը, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցումը, Երևանում ավարտին կհասցվեն Հեծանվային և գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցումը, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցումը:
Վանաձորում և Իջևանում կիրականացվի ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում՝ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է նաև 2027 թվականին ՀՀ-ում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերն անցկացնելու նպատակով Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման աշխատանքների իրականացում:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մասնավորի հետ համագործակցությամբ տիպային մարզահամալիրների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում, և 2025 թվականին հնարավոր կլինի փորձարկել նաև այս նոր գործընթացը:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կկազմակերպվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հատուկ նշանակություն է հաղորդվում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական զանգվածային մրցաշարերին, որոնք անցկացվում են 5 մարզաձևերից, ընդ որում՝ 3-ն ամբողջությամբ վերափոխվել է և անցկացվում է միայն դպրոցականների համար: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կկազմակերպվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
2025 թվականին նախատեսվում է դպրոցականների բասկետբոլի լիգայի անցկացում՝ հաշվի առնելով մեծ թվով դպրոցներում մարզադահլիճների վերանորոգման և բասկետբոլով զբաղվելու նպաստավոր պայմանների ձևավորումը: