Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Ֆեդերացիայից։
«Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցել են․ «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա», -ասված է «Ազատության» հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշար Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո (0-2):
Երեկ FAF երկրպագուական շարժումը հանդիպումից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից շարժվել էր դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենք և պահանջել հանդիպում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Իսկ այսօր հայկական մի քանի ակումբների ֆան ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին: