ՀՖՖ-ն հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին պետք է առնվազն 6-7 ամիս աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար։ Սրան գումարած Խինես Մելենդեսը, Անտոնիո Ֆլորեսը, Ռուբեն Լեսկանոն, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը և նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող: Այսպիսի կարծիք է հայտնել «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով ու առաջարկով դիմել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային:
«Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում եմ.
Մարտի 15-ից սկսած, մինչև իրավիճակի կարգավորումը, վերոհիշյալ մասնագետների աշխատավարձերը սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել մեր երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։
Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները՝ պատրաստ եմ հարցի լայնածավալ քննարկմանը, որին պետք է մասնակցություն ունենան ՀՖՖ ղեկավարությունը, Գործադիր կոմիտեն և առաջնության մասնակից ակումբների ղեկավարները»,- գրել է Թովմաս Գրիգորյանը:
Թովմաս Գրիգորյանն իր այս առաջարկը բացատրել է նրանով, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհի գրանդ ակումբներից մինչև Հայաստանի առաջնության մասնակից բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ են ապրում: