Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները հայտարարությամբ են հանդես եկել՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
Ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, բոլոր բուժաշխատողների և մեկս մյուսի, FAF-ը կոչ է անում պատուհաններից ծածանել հայոց եռագույնը՝ ի նշան մեր միասնականության ու հաղթանակի վճռակամության.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ աշխարհը գտնվում է պատերազմի մեջ:
Այս պատերազմն, ի տարբերություն բոլոր եղած պատերազմների ոչ թե խրամատում ու սահմաններին է, այլ մեր բակերում, փողոցներում ու պատուհանի տակ: Այս պատերազմի մեջ, կամա թե ակամա, ներքաշված ենք բոլորս ու հիմա հաղթանակը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից:
Ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, բոլոր բուժաշխատողների և մեկս մյուսի, եկեք պատուհաններից ծածանենք հայոց եռագույնը ի նշան մեր միասնականության ու հաղթանակի վճռակամության:

Եռագույն չունենալու դեպքում կարելի է պատրաստել նաև տանը, փոքրերը կարող են եռագույն նկարել թղթի վրա, ամրեցնել պատուհաններին»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է:
Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1: